top of page

ԲԱ ՈՐ ԱՍՈ՞ՒՄ ԷԻ ԿԱՄ՝ «ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՄ, ՍԻՐԵԼԻՍ, ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՄ»

Եվ այսպես՝ այսօր վերահաստատվեց այն ճշմարտությունը, որ երբեմն շաբաթն ավելի շուտ է գալիս, քան ուրբաթը։ Փաստն այն է, որ այսօր մենք առաջին անգամ իրական կյանքում բախվեցինք Սահմանադրության փոփոխությունների անկատարության խնդրին։ Նվաստս այդ մասին նախազգուշացրել էր բազմիցս, բայց, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք...

Սահմանադրության փոփոխությունների (2015) 218-րդ հոդվածով սահմանվում է, որ «Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավորել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»։ 10-րդ գլուխը, համաձայն այդ նույն փոփոխությունների 209-րդ հոդվածի, ուժի մեջ է մտել պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը՝ 2015թ. դեկտեմբերի 22-ին, ինչը նշանակում էր, որ 2011թ. ընտրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարող էր հանգիստ շարունակել պաշտոնավարել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2017թ. մարտի 2-ը։

Սակայն այսօր պարզ դարձավ, որ այդ հոդվածն ուժի մեջ մտնելուց ընդամենը 21 օր անց այլևս բովանդակազուրկ է, քանզի Կարեն Անդրեասյանը միայն իրեն հայտնի պատճառներով ներկայացրել է հրաժարական։ Ըստ ամենայնի՝ 10 օր անց նա կկրկնի իր հրաժարականը և այն կստանա օրինական ուժ։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը՝ իսկ ի՞նչ անել հետո։

Բանն այն է, որ Սահմանադրության փոփոխությունների 10-րդ գլխի (որը, հիշեցնենք, 2015թ. դեկտեմբերի 22-ից ուժի մեջ է) 192-րդ հոդվածով սահմանվում է, որ.

«Հոդված 192. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

1. Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք»:

Մինչդեռ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ.

«Հոդված 3.Պաշտպանի ընտրությունը

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից»:


Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ գործող օրենքն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության փոփոխությունների արդեն ուժի մեջ մտած դրույթներին։ Նախ՝ փոփոխված է թեկնածու(ներ) առաջադրող սուբյեկտը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի փոխարեն այդ իրավունքը պատկանում է իրավասու (տվյալ դեպքում՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի) մշտական հանձնաժողովին, և երկրորդ՝ փոփոխվել են պոտենցիալ թեկնածուներին ներկայացվող պահանջները, քանզի փոփոխությունների համաձայն՝ պաշտպանը պետք է համապատասխանի պատգամավորին ներկայացվող պահանջներին։ Դրանք սահմանված են 2015թ. Սահմանադրության փոփոխությունների 48-րդ հոդվածով (որը, ներառված լինելով երկրորդ գլխում, նույնպես ուժի մեջ է մտել 2015թ. դեկտեմբերի 22-ին)։ Ըստ այդմ՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Դեռ մի կողմ, որ հանվել է «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելելու» վերացկան պահանջը, քանզի, ինչպես ասում են՝ «դատավորներն ովքե՞ր են»։ Նկատելի է, որ եթե մինչ փոփոխությունները բավարար էր պարզապես ՀՀ քաղաքացիություն ունենալը, ապա այժմ վերջին չորս տարում պետք է ունենալ ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացիություն, ավելացվել են նաև բարձրագույն կրթություն ունենալու և հայերենին տիրապետելու պահանջները։

Սակայն այդ ամենով հանդերձ, այդպես էլ հասկանալի չի դառնում, թե որ ակտով պետք է առաջնորդվի այժմ Ազգային ժողովը՝ Սահմանադրության փոփոխություններով, թե՞ օրենքով։ 2015թ. փոփոխությունների 210-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նիստի բացման օրը։ Իսկ թե ինչ անել մինչ այդ (տրամաբանորեն դա 2017թ. մայիսն է, բայց մեկ էլ տեսար՝ բանը արտահերթ ընտրությունների հասավ)՝ մարդիկ զլացան սահմանել։ Հասկանալի է, անշուշտ, որ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, ինչը և սահմանված է փոփոխությունների 5-րդ հոդվածով։ Սակայն ի տարբերություն 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության, 2015թ. փոփոխված Սահմանադրությամբ ներառված չէ դրա՝ անմիջականորեն գործելու մասին դրույթ։

Ու այժմ Ազգային ժողովը հայտնվել է ճամփաբաժանի ասպետի կարգավիճակում՝ եթե շարժվի գործող օրենքով՝ կստացվի, որ կիրառում է հակասահմանադրական օրենք, եթե առաջնորդվի ուժի մեջ մտած փոփոխություններով՝ պարզ չէ, թե ինչպես դա պիտի անի, քանզի ոչ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, ոչ էլ ԱԺ կանոնակարգը փոփոխություններին համապատասխանեցված չեն։

Մինչդեռ այս ամենից կարելի էր խուսափել, եթե պահպանվեր Սահմանադրության՝ անմիջականորեն գործելու մասին նորմը կամ էլ անցումային դրույթներով սահմանվեր, որ գործող օրենքները գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրության փոփոխություններին։ Կամ էլ պարզապես 10-րդ գլուխը ուժի մեջ մտներ հաջորդ պաշտպանի կողմից պաշտոնը ստանձնելու օրը։

Բայց մարդիկ շտապում են... Ու այս համատեսքտում զարմանալի է, թե ինչու որպես ՀՀ օրհներգ նախագծով չեն սահմանել Արման Հովհաննիսյանի «Ժամանակ չունեմ, սիրելիս, ժամանակ չունեմ» երգը։

Թե այստեղ է՞լ էին շտապում....


Հ.Գ. Հետաքրքիր է՝ եթե վաղը համամասնական ընտրակարգով ընտրված որևէ պատգամավորի լիազորություններ դադարեցվեն, իսկ ցուցակով հաջորդը չհամապատասխանի վերոգրյալ պահանջներին, այդ դեպքում ի՞նչ անել։ Կամ՝ եթե մինչև 2016թ. մայիս նույնը տեղի ունենա մեծամասնական ընտրակարգով ընտրված որևէ պատգամավորի հետ, ապա լրացուցիչ ընտրություններին ո՞վ պիտի կարողանա մասնակցել...






ՆՎԱՍՏԻՍ ՄԱՍԻՆ

Ծնվել եմ 1982թ. մայիսի 5-ին, Երևանում։

2001թ. ավարտել եմ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.՝ մագիստրատուրան։ 2006թ. ավարտել եմ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, 2009թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2012թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան։ Մասնակցել եմ մի շարք կրթական ծրագրերի։

Աշխատել եմ որպես Ազգային համագործակցություն հիմնադրամի կազմակերպչական տնօրեն, Փոխօգնություն ՓԲԸ կազմակերպչական տնօրեն, Հարթակ օրաթերթի թղթակից-վերլուծաբան։ 2015 թվականից աշխատում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, «Շողակն» ԲՀԿ խորհրդատու և «Սարգսյան» իրավաբանական խմբի գլխավոր խորհրդատու։

2005 թվականից զբաղվում եմ հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ եմ։ 2005թ. ԱԺԴ երիտասարդական կառույցի ղեկավար, 2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար։ 2007թ. եղել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորությասն թեկնածու։

2001 թվականից Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ եմ։

Другие записи
Узнать больше:
Я в соцсетях
  • Простая иконка Facebook черного цвета
  • Простая иконка Twitter черного цвета
  • Простая иконка YouTube черного цвета
Облако тегов
Тегов пока нет.
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • Google+ Social Icon
  • YouTube Social  Icon
  • Pinterest Social Icon
  • Instagram Social Icon
bottom of page